Ռուսաստանի նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին ու պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոյի վաճառելու գործարքը. «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը պահանջում է անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի վաճառելու գործարքը ու կիրառել անվավերության հետևանքներ։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
«Դատալեքս» համակարգի փոխանցմամբ՝ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի և ՀՀ վարչապետի աշխատակազմի։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել հոկտեմբերի 10-ին և նույն օրը մակագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք բերելուց հետո ռուս «Գեոպրոմայնինգ» ընկերությունը՝ ի դեմս ռուս միլիարդատեր Տրոցենկոյի, դրանց 15% նվիրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։
Նկատենք, որ Զուրաբովն ավելի վաղ արդեն տեղեկություններ է ունեցել, որ տեղի է ունենում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օտարման գործընթաց ու որպես 12 տոկոսի բաժնետեր դիմել էր դատարան՝ դրանք ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։
Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, ոչ միայն հայցադիմումը վարույթ է ընդունել, այլ նաեւ բաժնետոմսերի վրա արգելանք դրել։
Դատարանի 2021 թվականի օգոստոսի 11-ի որոշման մեջ ասվում է՝ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Ամփ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Սթար Դասթ» ՓԲԸ-ի, Մհեր Գարրիսի Պոլոսկովի, Կարեն Ալբերտի Հակոբյանի, Գուրգեն Նարեկի
Ամբարյանի` պատասխանողների կողմից հայցվորի իրավունքների խախտումը կանխելու, այն է՝ պատասխանող «Սթար Դասթ» ՓԲԸ-ին, նախապատվության իրավունքով հայցվորին՝ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին «Ամփ Հոլդինգ» ՍՊԸ -ի կանոնադրական կապիտալում 100 տոկոս մասնակցությունը օտարելուն պարտավորեցնելու, ինչպես նաև Մհեր Գարրիսի Պոլոսկովին (6 բաժնետոմս), Կարեն Ալբերտի Հակոբյանին (2 բաժնետոմս) և Գուրգեն Նարեկի Ամբարյանին (2 բաժնետոմս) օտարել «Սթար Դասթ» ՓԲԸ-ում վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը օտարելուն պարտավորեցնելու պահանջների մասին՝ միաժամանակ միջնորդելով կիրառել հայցի ապահովման միջոց, ինչթ բավարարվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: