Այս երկրում իշխանության եկած ուժը, անձինք, կարծում են, որ իրենք վեր են օրենքից, հաշվետու չեն ՀՀ քաղաքացիների առջև. Տիգրան Աբրահամյան
Ես մի շարք գրություններ եմ ուղարկել տարբեր պաշտոնատար անձանց, կառույցների, որոնք սահմանված ժամկետում չեն պատասխանում գրություններին: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Սեպտեմբերի 22-ին ես գրություն էի ուղարկել ԶՈւ ԳՇ պետին, ներկայացնելով իրավիճակի անհրաժեշտությունը՝ տեղեկացրել էի, որ ցանկություն ունեմ մեկնել Սոտք-Խոզնավար հատված, այսինքն՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, այդ թվում՝ Սև լճի հատված, մանրամասն տեղեկանալ ինչպես իրականացվող ծառայությանը, ընդհանուր ռազմաքաղաքական իրադրությանը, նաև այդ ուղղությամբ տեղակայված զորամասերում իրականացվող ծառայությանը: Սահմանված ժամկետը լրացել է, և որևէ պատասխան ԶՈւ ԳՇ-ն չի փոխանցել»,- ասաց Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ պետական կառույցները կա՛մ կազմալուծված են, կա՛մ նրանք թքած ունեն քաղաքացիների մտահոգությունների վրա:
«Այս երկրում իշխանության եկած ուժը, անձինք, կարծում են, որ իրենք վեր են օրենքից, հաշվետու չեն ՀՀ քաղաքացիների առջև և վարվում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում, ինչն անթույլատրելի է և չի բխում ՀՀ շահերից»,- ընդգծեց պատգամավորը:
Նա նշեց, որ հետպատերազմյա իրավիճակում դրանից բխող միջոցառումներ չեն իրականացվել, ինչի հետևանքները մենք տեսնում ենք առաջնագծի տարբեր ուղղություններում, այդ թվում՝ ՊԲ-ում:
«Երեկվա միջադեպը նաև դրա արտացոլումն է, և այս իրավիճակում իշխանությունները մտահոգություն ունեն, որ այն մարդիկ, ովքեր տիրապետում են առաջնագծի տարբեր մանրամասներին և նրբություններին՝ տեղում լինելով, կարող են արձանագրել այնպիսի փաստեր, որոնք նրանցից յուրաքանչյուրի համար կարող են կարիերայի վերջ լինել, էլ չեմ խոսում իրավական պատասխանատվության մասին: Ի դեպ, մինչև այժմ մայիսի 12-ին ադրբեջանական ներխուժման համար, որևէ պաշտոնատար անձ պատասխանատվություն չի կրել, որովհետև այդ ներխուժումը տեղի է ունեցել սահմանային այդ հատվածում ոչ բավարար պաշտպանական համակարգերի առկայության պայմաններում, և ՀՀ տարածքը մինչև 3,8 կմ խորությամբ զավթվել է Ադրբեջանի կողմից: Սրա համար ևս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել»,- ասաց Աբրահամյանը: