Ուռուցք ունեցող բուժառուները չունեն որևէ հակացուցում պատվաստման դեմ․ մասնագետ
Կորոնավիրուսով հիվանդանալը շատ մեծ խնդիրներ է առաջացնում ուռուցք ունեցող քաղաքացիների մոտ, հետևաբար կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու ուռուցքաբանության գծով Հայկուհի Գյոկչյանը։ Նա հորդորեց նման խնդիրներ ունեցողներին անպայման պատվաստվել։
«Շատ հիվանդներ, որոնք գտնվում էին դինամիկ հսկողության տակ, տարվա մեջ երկու անգամ պարտադիր գալիս էին ստուգման, կորոնավիրուսի հետևանքով եղած սահմանափակումների պայմաններում մեկ տարի չէին դիմում բժշկի, վախենում էին գալ հիվանդանոց, և, ցավոք, որոշ մարդկանց մոտ այդ մեկ տարվա ընթացքում ունեցանք բացասական դինամիկա»,-ասաց Հայկուհի Գյոկչյանը:
Նա նշեց, որ բացարձակ հակացուցում մենք չկան քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա ստացող հիվանդների ու պատվաստման հետ կապված։
«Բացառություն են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Մնացած բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում պատվաստվել: Կան նաև դեպքեր, երբ կարելի է որոշ ժամանակով հետաձգել պատվաստումը: Օրինակ, ոսկրածուծի փոխպատվաստման պարագայում խորհուրդ է տրվում 3 ամսով հետաձգել պատվաստումը: Պատվաստվելը խորհուրդ է տրվում հետաձգել ծանր վիրահատության պատրաստվող հիվանդներին, բջջային թերապիայի ժամանակ: Թե որքան ժամանակով, դա արդեն կորոշի բուժող բժիշկը»,-ասաց Հայկուհի Գյոկչյանը։
Նա նշեց, որ մնացած բոլոր դեպքերում, անկախ նրանից հիվանդը ստանում է քիմիաթերապիա, հորմոնաթերապիա, թիրախային բուժում կամ պարզապես գտնվում է դինամիկ հսկողության տակ՝ պարտադիր պետք է պատվաստվի։
«Նրանք չունեն որևէ հակացուցում պատվաստման դեմ»,-ասաց Հայկուհի Գյոկչյանը։
Նա վստահեցրեց, որ իրենց բաժանմունքում բուժվող հիվանդների մեծ մասը պատվաստվել է և ոչ մի բարդություն չենք ունեցել։