Ողբերգական դեպք՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի»-ում. հայտնաբերվել է 64- ամյա տղամարդու դի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետ, որտեղ վերելակի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 64-ամյա Ավետիս Ե-ն էր, ով աշխատում էր նշված սուպերմարկետում։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մարգարյանի գլխավորությամբ: