Սպորտային ժայռամագլցման մարզաձևում 1-ին մրցանակային տեղին է արժանացել ԵՊՀ ուսանող Տիգրան Զոհրաբյանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սեպտեմբերի 20-ը հռչակվել և ամբողջ աշխարհում նշվում է
որպես «Համալսարանական սպորտի միջազգային օր» (IDUS): ԵՊՀ մարզադահլիճում
այդ օրն անցկացվել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և ԿԳՄՍՆ
կողմից համատեղ իրականացվող սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման
առաջնությունները, որոնցով մեկնարկել է ՀՀ ուսանողական մարզական խաղերի
աշնանային փուլը:
Ուսանողական մարզական օրվան նվիրված միջբուհական մրցումներին մասնակցել են
10 բուհերի հավաքականներ (շուրջ 100 ուսանող):
Սպորտային ժայռամագլցման առաջնության գլխավոր մրցավար է նշանակվել
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի աշխատակից Սուրեն
Սեփանյանը:
Սպորտային ժայռամագլցման մարզաձևում 1-ին մրցանակային տեղին է արժանացել
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Տիգրան Զոհրաբյանը, որը
պրոֆեսիոնալ ժայռամագլցող է և ՀՀ հավաքականի անդամ: Մրցանակային տեղեր են
գրավել Հայաստանի ազգային ագրարային և Վ. Բրյուսովի անվան պետական
լեզվահասարակագիտական համալսարանների ներկայացուցիչները:
Աղջիկների մրցաշարում մրցանակային 2-րդ տեղին է արժանացել ԵՊՀ
ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Անի
Հարությունյանը:
Պարանի ձգման առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել Հայաստանի
պետական տնտեսագիտական համալսարանի, Հայկական բժշկական ինստիտուտի և
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները: