Իշխանության համառ ջանքերով ուժային կառույցների ղեկավարները չեն գալիս խորհրդարան․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Սյունիքում առկա վտանգն ու ռիսկերը շարունակում են պահպանվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր վերահսկողության տակ գտնվող սահմանային հատվածում ակտիվ շինարարություն է իրականացնում։
«Մտահոգիչ է նաև այն, որ Ադրբեջանի կողմից Արցախի և Սյունիքի զավթած տարածքներում իրականացնում են ամրաշինական ենթակառուցվածքային աշխատանքներ։ Դեպի Տաթև տանող այլընտրանքային ճանապարհը մի քանի հարց կլուծի, սակայն հիմնական խնդիրը չի լուծվի»,- ասաց Աբրահամյանը։
Երկրորդ խնդիրը, որը նա ընդգծեց, այն է, որ ուժային կառույցների ղեկավարներին իշխանությունները թույլ չեն տալիս հանդիպել պատգամավորների հետ:
«Իշխանության համառ ջանքերով ուժային կառույցների ղեկավարները չեն գալիս խորհրդարան։ Ակնհայտ է, որ կա պահանջ այդ մարդկանց հետ որևէ ֆորմատով հանդիպում կազմակերպել և հուզող հարցերի պատասխաններն ստանալ։ Սակայն իշխանության նման պահվածքը նշանակում է, որ անվտանգային համակարգում նախատեսված փոփոխությունները չեն իրականացվում և ուժային կառույցների ղեկավարները պարզապես այս առումով ասելիք չունեն»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում