Հասկանու՞մ եք, ՔՊ-ականները, ովքեր ԱԺ-ից գումար էին վերցնում պատերազմի ժամանակ Արցախ հասնելու համար, հիմա կասկածի տակ են դնում մարտական գործողություններում Առուշանյանի մասնակցությունը․ Աննա Գրիգորյան (video)
Ակնհայտ է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Առուշ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ի ԱԺ ճեպազրույցում ասաց նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ իշխանությունները կոնկրետ գործողությունների են դիմում խոչընդոտելու հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Առուշ Առուշանյանի մասնակցությունը։
«Իշխանությունը հակաքարոզչություն է իրականացնում պարոն Առուշանյանի նկատմամբ՝ փորձելով արատավորել նրա բարի համբավը։ Հասել ենք նրան, որ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձում է կասկածի տակ դնել Առուշանյանի պատերազմում մասնակցելու փաստը։ Հասկանու՞մ եք, ՔՊ ներկայացուցիչները, ովքեր ԱԺ-ից գումար էին վերցնում պատերազմի ժամանակ Արցախ հասնելու համար, հիմա կասկածի տակ են դնում մարտական գործողություններում մասնակցելը»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Նա նաև նկատեց, որ Արմեն Խաչատրյանը արձակուրդի մեջ չի գտնվում այժմ, և շատ հետաքրքիր է, թե նա այդ ինչ լիազորություններով է ակտիվ քարոզչություն իրականացնում։ Բացի այդ, պատգամավորը նկատում է նաև, որ այս ընթացքում Արմեն Խաչատրյանը չի խոսել Սյունիքում առկա սահմանային խնդիրների մասին, վիճակի սրացումների մասին, բայց փոխարենը զբաղված է Առուշանյանի բարի համբավը արատավորելով։
Մանրամասները՝ տեսանյութում