Ուկրաինայի և Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ Չավուշօղլու
Թուրքիան և Ուկրաինան կապված են սերտ բարեկամական կապերով: Մեր երկրները համերաշխություն են ցուցաբերում բազմաթիվ հարցերի շուրջ, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լվովում իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ ասուլիսում: Այս մասին գրում է «Anadolu»-ն:
«Մեր կապերը զարգանում են բազմաթիվ ուղղություններով, ինչը լավ նորություն է: Երկու երկրների նախագահները տարեսկզբից երկու հանդիպում են անցկացրել»,-ասել է թուրք նախարարը։
Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայի ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու հարցում Թուրքիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Թուրքիան հատկապես կարևորում է Ղրիմի թաթարների իրավունքների թեման: Մինչև տարեվերջ Ուկրաինայի տարածքում թուրքական կողմի աջակցությամբ կսկսվի Ղրիմի թաթարների համար տների շինարարությունը»:
Չավուշօղլուն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի արեւելքում լարվածության թեմային. «Դոնբասում հակամարտությունը պետք է լուծվի` հաշվի առնելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»: