ԶԼՄ-ները հայտնում են, որ Սաակաշվիլին Վրաստան է հասել բեռնատար նավով
Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել ազատազրկումը երկու քաղաքացու նկատմամբ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանի անօրինական հատման գործով։ Այս մասին հայտարարել է փաստաբան Գիորգի Գոգինավան:
Ավելի վաղ դատախազը հայտարարել էր Սաակաշվիլիի կողմից Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատման գործով երկու քաղաքացու ձերբակալության մասին: Ինչպես հայտնում է «Պիրվելի» հեռուստաընկերությունը, ձերբակալվածները Փոթիի նավահանգստի աշխատակիցներ են:
Դատախազն ասել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները գիտեն, թե ինչ ճանապարհով է նախկին նախագահը հասել Վրաստան: Ավելի վաղ ԶԼՄ -ները հայտնել էին Սաակաշվիլիի երթուղու մի քանի վարկածների մասին, այդ թվում այն, որ Սաակաշվիլին Վրաստան է հասել բեռնատար նավով։