Եվրոպայի առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկները Լեհաստանից վերադարձել են հաղթանակով
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին, ովքեր Լեհաստանից վերադարձել են հաղթանակով։
Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Արցախի Կիոկուշին կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Առուշանյանը նախարարին է ներկայացրել առաջնության արդյունքները, միաժամանակ շնորհակալություն հայտնել աջակցության և ուշադրության արժանացնելու համար:

Արցախցի մարզիկներն առաջնությանը մասնակցել են միմիայն հաղթանակի համար: Արեն Կարապետյանը, Արտյոմ Մնացականյանը, Արամ Միքայելյանը տարբեր քաշային կարգերում զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականը, իսկ Անգելինա Աղասյանը գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ Երիտասարդներն իրենց հաղթանակը նվիրել են հայրենիքի համար նահատակված բոլոր քաջերին:

Նախարարը թանկարժեք նվերներով պարգևատրել է մարզիկներին, պատրաստակամություն հայտնել առաջիկայում ևս օգնել ու աջակցել ինչով հնարավոր է:
«Առողջ ապրելակերպի գաղափարը պետք է մասսայականացնել երկրում, առհասարակ, այս օրերին Արցախի մասին խոսելը, Արցախի Հանրապետությունը միջազգային հարթակներում ներկայացնելը՝ հայրենասիրության յուրահատուկ դրսևորում է: Ուստի, պետք է այս ուղղությամբ ներդնել բոլոր հնարավոր ջանքերը և սպորտը դարձնել անհրաժեշտություն»-հանդիպմանը նշել է Կարեն Սարգսյանը:
