Գործատուն չի կարող ազատել աշխատակցին, եթե նա չի պատվաստվել կամ թեստավորվել․ Ժորա Սարգսյան
«Այո, կա առողջապահության նախարարի 65 Ն հրամանը, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին աշխատակցին ազատել աշխատանքից, եթե նա, օրինակ, չի թեստավորվել։ Սա պետք է հստակ ամրագրենք»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ «Հանրային ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծ է շրջանառել, որով հստակ նախատեսվում են այդ կարգավորումները։
Այդ նախագծի համաձայն, եթե աշխատողը չի թեստավորվում և 30 օր այդ պատճառով աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է նրան ազատել։
«Եթե նախագիծն ընդունվի, ապա դրանից հետո հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու հանրային ծառայողների մասով նման կարգավորումներ կիրառել, այսինքն, ազատել աշխատանքից»,- ասաց Ժորա Սարգսյանը՝ հավելելով, որ մյուս դեպքերի համար չկան նման կարգավորումներ, չկա նույնիսկ փոփոխություների նախագիծ։
«Գործատուները երկուսն են՝ պետությունը և մասնավորը, պետությունը հանդես է գալիս նման առաջարկով, սակայն մասնավորի հետ կապված նման առաջարկ չի դիտարկում, քանի որ սա դիտարկվում է հանրային առողջության, ոչ թե գործատու և աշխատող իրավահարաբերությունների շրջանակում։ Այստեղ չի դիտարկվում որպես գործատու-աշխատող իրավահարաբերություններ, որի հետևանքը լինի աշխատանքային պայմանագրի լուծումը»,- մանրամասնեց ժորա Սարգսյանը։