Ե՞րբ եք փրկելու Հայաստանը. հարց՝ «Պատիվ ունեմ» դաշինքին
ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունը, որոնք ձևավորեցին «Պատիվ ունեմ» դաշինքը, թերևս գոնե Հանրապետականի պարագայում մենք ամենավերջում, չկամությամբ, ևս մեկ օղակ օգտագործելու համար, ի սկզբանե ասելով, որ դա սխալ պրոցես է: Մենք չէինք մասնակցում ընտրություններին՝ իշխանության գալու համար, մենք մասնակցում էինք ընտրություններին՝ հակահայ իշխանություններին իշխանությունից հեռացնելու համար, դրանք տարբեր հասկացություններ են: Այս մասին այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրի առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացած, իսկ իրենք ընտրություններին մասնակցում էին երկիրը փրկելու առաքելությամբ:
«Ձեր հաջորդ տրամաբանական հարցը կլիներ՝ ինչու մանդատները վերցրեցիք: Եվս մեկ հարթակ, մենակ էն փաստը, որ Փաշինյանի խունտան ամեն չորեքշաբթի օրը սեղաններից շշերը հավաքելով, վախվորած, սպասելով՝ «վա՜յ, ինչ են հարցնելու» մեզ տրամաբանությամբ գալիս է, իհարկե, չպատասխանելով այդ հարցերին: Կաթիլը քար է ծակում, մեր նպատակն է, օգտագործելով նաև այս հնարավորությունը՝ մեր մոլորված համաքաղաքացիներին, որոնք դեռևս հույս են պահում, որ այս իշխանությունների օրոք ինչ-որ բան դեպի բարին կարող է փոխվել, փաստարկներով ապացուցել նաև այս ամբիոնից»,- ասաց Մամիջանյանը:
Լրագրողը նաև հարց ուղղեց՝ «Ե՞րբ եք փրկելու Հայաստանը», ինչին պատգամավորը պատասխանեց. «Ամեն օր բոլոր հնարավոր միջոցներով, ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք փողկապավոր ընդդիմություն ենք դարձել, որը փողոցային պայքարից խուսափելու է, ինչ հնարավորություն լինի՝ ԱԺ հարցապնդումից մինչև հերթական բուհի, վարչատարածքային միավորի գրասենյակի կամ փողոցի գրավումը փակումը օգտագործվելու է: Ե՞րբ ենք անելու՝ երբ որ այդ հարցը տվողները շատանան»: