Իրանը մեկ ամսից կարող է ստեղծել առաջին ատոմային ռումբը․ The New York Times
Մոտ մեկ ամսից Իրանը կստանա բավականաչափ հարստացված ուրան՝ առաջին ատոմային ռումբը ստեղծելու համար և կարող է դա օգտագործել ԱՄՆ-ի դեմ ճնշում գործադրելու համար՝ նոր եկամտաբեր «միջուկային գործարքի» համար: Այս մասին գրում է The New York Times-ը։
Նշվում է, որ երկրորդ ատոմային ռումբի ստեղծման համար Իրանին կպահանջվի մոտ երեք ամիս, իսկ երրորդի ստեղծման համար՝ հինգ ամսից պակաս:
Այս եզրակացությունն է արել Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի խումբը՝ հիմնվելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին զեկույցների վրա: Զեկույցի գլխավոր հեղինակն է Դեյվիդ Օլբրայթը:
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս զեկույցը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12 -ին ՄԱԳԱՏԷ -ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարեցին Իրանի միջուկային օբյեկտների վրա ՄԱԳԱՏԷ -ի վերահսկողության վերականգնման մասին համաձայնագրի մասին: