Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞ր ընտրություններն են կեղծվել. Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն եկած ապագան եք. Մկրտչյանը՝ Մուկուչյանին (տեսանյութ)
Նախընտրական ողջ ժամանակամիջոցի ընթացքում և որքան մոտենում էր հունիսի 20-ը, ավելի մեծ ինտենսիվությամբ, այսպես կոչված, պրոֆիլակտիկ այցեր, զրույցներ, կանչեր էին իրականացվում այն քաղաքական ուժերի, անհատների, շտաբների նկատմամբ, որոնք ամիսներ շարունակ պայքարել էին «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակում, ովքեր, ընդհանուր առմամբ, հանրության շրջանում դիտվում էին այս իշխանություններին իրական ընդդիմություն: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Մկրտչյանը հավելեց, որ երբ հարցնում էին, թե ինչ իրավական կատեգորիայի մեջ է տեղավորվում այցը, արձագանքում էին, թե պրոֆիլակտիկ գալիս, զրուցում են:
«Այս պրոֆիլակտիկան որևէ կերպ չի տարածվել ՔՊ միավորի կամ ՔՊ միավորին հարող և վտանգ չներկայացնող ուժերի նկատմամբ: Ձեզ՝ որպես ԿԸՀ նախագահ, չի՞ անհանգստացրել այս հանգամանքը, թե ինչո՞ւ համատարած չէ այդ պրոֆիլակտիկան, այլ ընտրովի է: Ես չգտա, թե ինչ է պրոֆիլակտիկ այցը», - հարցրեց պատգամավորը։
Նա Մուկուչյանին խնդրեց ևս մեկ հարցի պատասխանել.
«Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞ր ընտրություններն են, վերջիվերջո, կեղծվել, որովհետև դահլիճի տարբեր հատվածներում նստած մարդիկ կասկածներ ունեն դրա հետ կապված, որ մենք, վերջիվերջո, հասկանանք՝ Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն եկած ապագան եք»,- հարցրեց պատգամավորը:
«Ես ԿԸՀ նախագահն եմ»,- արձագանքեց Մուկուչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում