«Պայքարելու ենք Հադրութ վերադառնալու համար»․ տեղահանվածներին փախստականի կարգավիճակ չեն տալիս (տեսանյութ)
«Արդեն մոտ մեկ տարի է՝ մենք բռնի տեղահանված ենք համարվում, ունենք ՀՀ անձնագրեր, բայց Հայաստանի քաղաքացի չենք, չունենք բնակարաններ և ապագայի մասին տեսլական»: Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։
Նա նշեց, որ դիմել են Հայաստանի կառավարությանը, քանի որ Հայաստանի կառավարությունն է տնօրինել իրենց ճակատագիրը։ Բռնի տեղահանված արցախցիների գլխավոր հարցն այսօր բնակարանային հարցն է, առջևում ձմեռ է։
«Մարդիկ պահանջում են կամ տալ փոխհատուցում իրենց վերցրած տների համար Հայաստանում, որպեսզի այստեղ ապրեն, քանի որ Արցախում ոչ այդքան բնակարաններ կան, ոչ էլ պայմաններ, բոլորը չեն կարող գնալ ծայրամասային տներում ապրել։ Կամ առաջարկում ենք ժամանակավոր դոմիկներով թաղամաս սարքել արցախցիների համար։ Մենք ամբողջ կյանքներս քոչվոր չենք լինելու։ Մենք պետք է հարց դնենք պետության առջև, որ ավելի լուրջ վերաբերվեն այս ամենին։ Մենք չենք գնալու այլ երկիր, մենք մեր երկրում ենք՝ Հայաստանում, դրա համար չենք կարողանում ստանալ փախստականի կարգավիճակ, այսինքն՝ մենք ժամանակավոր բռնի տեղահանվածներ ենք»,-ասաց նա:
Մարգարիտա Քարամյանը հավելեց, որ իրենց վերջնական նպատակը իրենց բնակավայրեր վերադառնալն է։ «Միևնույն է, մենք պայքարելու ենք հետ գնալու համար, ինչքան էլ դա դժվար լինի։ Ինչքան էլ այսօրվա զարգացումները մեր օգտին չլինեն, բայց դա չի նշանակում, որ մենք ձեռնքերս ծալած նստելու ենք»,- ընդգծեց նա։