Ընտրություններն անցան, ոչինչ չի սպառնում Փաշինյանի իշխանությանը․ ադրբեջանցի փորձագետ
Ադրբեջանական «3-rd View» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռաուֆ Ռաջաբովը նշել է, որ Ադրբեջանը դեռ պետք է արձագանքի այսպես կոչված հայկական խաղին: Այս մասին նա հայտարարել է Minval.az-ի թղթակցին տված հարցազրույցում:
Ադրբեջանցի փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ իրենց խաղով Փաշինյանն ու իր թիմն այլևս չեն աշխատում իրենց ներքին լսարանի համար: Ի վերջո, ընտրություններն անցան, ոչինչ չի սպառնում Փաշինյանի իշխանությանը: Ըստ Ռաուֆ Ռաջաբովի՝ այս դեպքում Փաշինյանի խաղը հասցեագրված է միաժամանակ Արևմուտքին, Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին:
«Սկսենք Արևմուտքից: Դրանով Փաշինյանի թիմը ցույց է տալիս Արևմուտքին, որ պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ, որ Հայաստանն ունակ է ստորագրել նման համաձայնագիր, և, մասնավորապես, ցուցադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի այս պատրաստակամությունը: Բայց մեծ «բայց»-ն այն է, որ և Հայաստանի ԱԳՆ-ն և ինքը ՝ Փաշինյանը, բազմիցս հայտարարել են, որ Երևանը միաժամանակ ցանկանում է լուծել «կարգավիճակի» հարցը: Միևնույն ժամանակ, հաշտության պայմանագրի հռչակման հետ մեկտեղ, կարգավիճակի հարցը բարձրացված չէ։ Սա հայկական այնպիսի խաղ է, որն ուղղված է դեպի Արևմուտք»,- ընդգծել է ադրբեջանցի փորձագետը:
Ադրբեջանցի փորձագետը հավելել է, որ Հայաստանը կպահպանի իր պետականությունը միայն այն դեպքում, եթե պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ։
Հ.Գ. Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը և ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանները նույն կարծիքին են։