Ո՞րն է ավելի վատ՝ այն, որ Աննա Դանիբեկյանի նկատմամբ ճնշումներ կան, թե՞ այն, որ նա ենթարկվում է այդ ճնշումներին․ նիստը հետաձգվեց 3 շաբաթով (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով։
Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հեռացել էր նիստերի դահլիճից՝ համարելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանն օբյեկտիվ չէ իր հանդեպ։ Դատական նիստի դահլիճից դուրս գալուց հետո, Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հերթական անգամ ականատես եղավ դատարանի անարդարությանը։
Նա չի զարմանում Աննա Դանիբեկյանի՝ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքից։
«Ես իր հետ ունեմ իրավական վեճ և մինչ օրս այդ վեճը չի դադրեցվել, մենք պնդում ենք, որ տիկին Դանիբեկյանը հանցանք է կատարել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է Արմեն Գևորգյանի տիկնոջ բժշկական գործի հրապարակմանը, որը քրեորեն պատժելի է։
Այս ֆոնի վրա փաստաբանը դժվար է պատկերացնում, թե ինչպես Աննա Դանիբեկյանը կարող է իր նկատմամբ ունենալ լավ վերաբերմունք։
Ըստ Էրիկ Ալեքսանյանի՝ դա է պատճառը, որ ցանկանում են դատարանը հեռանա նիստերի դահլիճից, քանի որ նման պայմաններում Աննա Դանիբեկյանը չի կարող արդար վճիռ կայացնել։ Փաստաբանը նկատում է, որ դատական նիստի ժամանակ Աննա Դանիբեկյանը չի կարողանում թաքցնել իր հակակրանքը իր նկատմամբ։
«Բացի Աննա Դանիբեկյանի անձնական հակակրանքից իմ նկատմամբ՝ դատարանի նկատմամբ առկա են ճնշումներ և ուղղորդումներ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Նա ընդգծեց, թե չգիտի, թե որն է ավելի վատ․ այն, որ Աննա Դանիբեկյանի նկատմամբ ճնշումներ կան և պարտադրանք, թե՞ այն, որ նա ենթարկվում է այդ ճնշումներին։
Մանրամասները՝ տեսանյութում