Խնդիրն իմ անձի հետ է կապված, միգուցե վախենո՞ւմ են. Ղազինյանը՝ իր չընտրվելու մասին
Խմբակցությունը կորոշի, թե ես երրորդ, չորրորդ, թե յոթերորդ անգամ կառաջադրվեմ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Խմբակցության քարտուղարը կարծես թե արտահայտել է խմբակցության անփոփոխելի որոշումը, այն է՝ առաջադրել այս պաշտոնում իմ թեկնածությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Հանձնաժողովի աշխատանքների նման ոճի և նման անբովանդակության անցնելու համար մեկ պատասխանատուն ու մեղավորն իշխանությունն է՝ իր հանձնաժողովի կազմով և ղեկավարով: Խնդիրն իմ անձի հետ է կապված: Նրանք ունեն վերապահում, չգիտեմ՝ վերապահումը կապված է իմ մասնագիտական որակավորման, իմ հետևողականության, սկզբունքնայնության, մինչև վերջ փորելու և իրականությունը բացահայտելու իմ հանձնառության հետ: Դա ես կորակեմ՝ միգուցե վախենո՞ւմ են, թաքցնելու ինչ-որ բան ունեն»,- ասաց Ղազինյանը: