Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած հերոսների շիրիմներին (ֆոտոշարք)
ՆԳ նախարարության մի խումբ ծառայողների և ղեկավար կազմի ուղեկցությամբ, այսօր նախարար Կարեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած հերոսների շիրիմներին, ծաղիկներ խոնարհել զոհված ոստիկանների և փրկարարների հուշաքարերին:
Կարեն Սարգսյանը կարևորել է օրվա խորհորդը, նշել, որ Սեպտեմբերի 2-ը մեր լինելիության, այս հողը հարատև հայ պահելու ուժի ու կամքի խորհրդանիշն է:
«Արդեն 30 տարի է մեր ժողովուրդը չդադարող պայքարով, պատերազմներով, իր զավակների կյանքի գնով ու քրտնաջան աշխատանքով՝ պահում է Արցախի պետականությունը:
Հիշարժան այս տոնի առթիվ մաղթում եմ խաղաղություն և ամենայն բարիք մեր ժողովրդին ու հայրենիքին»,- նշել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը:
Նշենք, որ Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր-պանթեոն են այցելել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ ու կառավարության անդամներ, հոգևոր ու աշխարհիկ դասի ներկայացուցիչներ: