Դա իմ անձնական որոշումն է․ Ռոբերտ Ղազանչյանը վաճառքի է հանել exclusive.am կայքը
Էքսկլյուզիվ Մեդիա Հոլդինգ ընկերությունը տեղեկացնում է, որ վաճառում է exclusive.am կայքը։ NEWSPRESS.am-ը կայքի համահիմնադիր Ռոբերտ Ղազանչյանից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ են վաճառքի հանել կայքը։
Մեզ հետ հեռախոսազրույցում Ռոբերտ Ղազանչյանն ասաց, որ այլևս չի ցանկանում լինել մեդիա դաշտում։
«Քանի որ բոլորը բաժանվել են սևերի ու սպիտակների, ես այլևս անելիք չունեմ այդտեղ»,- նշեց Ղազանչյանը՝ հավելելով, որ դա արհեստականորեն ճնշում է կայքի աշխատանքը։
Ճշտող հարցին, թե Ձեր նկատմամբ քաղաքական ճնշումներ կա՞ն, Ռոբերտ Ղազանչյանն արձագանքեց, որ ավելի քան 2 տարի exclusive.am-ն իր աշխատանքով ցույց է տվել, որ աշխատել է անկաշկանդ, անաչառ և երբեք չի ենթարկվել ճնշումների։
«Քաղաքական ճնշումներ և հետապնդումներ չկան, կայքի վաճառքն իմ անձնական որոշումն է»,- ընդգծեց Ռոբերտ Ղազանչյանը։
Ինչ վերաբերում է գնորդներին, ապա Ռոբերտ Ղազանչյանը վստահեցնում է՝ այս պահին նրանցից մի քանիսի հետ ակտիվ քննարկումների մեջ ենք, իսկ ովքեր են նրանք՝ Ղազանչյանը մանրամասներ չհայտնեց։