Վարկով ապահովագրված թալան
Տարին ավարտվում է և կառավարությունն ու ԱԺ-ն խուճապային մրցավազքի մեջ են ընդդեմ շարքային քաղաքացու: Իշխանությունը մինչև տարեվերջ որոշել է հնարավորինս շատ պարտք կուտակել Հայաստանում բնակվող հասարակ մահկանացուների ուսերին: Միայն մեկ օրում իշխանական տարբեր օղակներ քննարկեցին երկու վարկային ծրագիր: Նախ կառավարությունը համաձայնություն տվեց ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը, իսկ ՀՀ ԱԺ-ն էլ նույն օրը քննարկեց ԵԶԲ-ից 300մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ վերցնելու հարցը: Իհարկե վարկ վերցնելը նորմալ երևույթ է, երբ իշխանությունը սրտացավ է և վերցրած վարկերն էլ ծախսվում են ճիշտ նպատակին: Հայաստանում մինչ այժմ որևէ վարկի հաշվետվություն մանրամասն չի ներկայացվել հանրությանը, և ամեն վերցված վարկ մեր շատ փողատերերի նման ունենում է իր մութ անցյալը:
Օրերս հրապարակվեց ամերիկյան Global Finansial Intergrity կազմակերպության զեկույցը զարգացող երկրներից անօրինական կապիտալի մասին: Ըստ այդ զեկույցի` Հայաստանից վերջին 10-ը տարում ապօրինաբար դուրս է բերվել 9.8 միլիարդ դոլար: Սա այն դեպքում ,երբ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 5 միլիարդ դոլար, տարբեր հաշվարկներով էլ այս տարիներին Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար, որից երկու միլիարդը բաժին է ընկնում Գալուստ Սահակյանի և այս օրերին ՀՀԿ-ի կողմից չսիրած ԱՄՆ-ին , ով փորձեց ճիշտ գնահատական տալ ՀՀ Սահմանադրության հանրաքվեին:
Ինչու իշխանության որևէ ներկայացուցիչ չարձագանքեց այդ զեկույցին, ինչու հակառակը չապացուցվեց, որ Հայաստանից այդքան գումար դուրս չի եկել, ինչու այդ կազմակերպությունը չմեղադրվեց ստախոսության մեջ: Սա իսկապես մտահոգիչ է և փաստարկում է այն, որ իրականում այս ընթացքում երկրից ապօրինաբար միլիարդավոր դոլարներ է իշխանությունը դուրս բերել: Ու եթե ՀՀԿ-ն այս տարիներին որևէ
կոնկրետ բան է փոխել այս երկրում, ապա դա եղել է ՀՀ արտաքին պարտքի ծավալի մեծացումը: Սա իշխող կուսակցության միակ շոշափելի գործն է: Այնպես որ, հիմա հասկանալի է, թե ինչու հանրապետական կարկառուն փոխնախագահը`Է. Շ-ը /Էդուարդ Շարմազանով/ ասում է, որ մինչև 2017 թվ., , բացի իշխանությունից , բոլորը, լավ իմաստով, խնդիր ունեն կենդանի մնալու համար: