Պենտագոնը հայտարարել է Աֆղանստանում ռազմական առաքելության ավարտի մասին
Ամերիկյան բանակն ավարտել է Աֆղանստանից իր զորախմբի դուրսբերումը: Այս մասին գրում է «CNN»-ը ՝ հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պետ, գեներալ Քենեթ Մակենզիին:
«Այսօրվա դուրսբերումը նշանակում է տարհանման ավարտ, ինչպես նաև գրեթե 20-ամյա առաքելության ավարտը, որը սկսվեց Աֆղանստանում 2001 թվականի սեպտեմբերի 11-ից անմիջապես հետո»,-ասել է նա:
Մաքենզին ասել է, որ ամերիկյան ռազմական տրանսպորտային վերջին օդանավը հեռացել է Քաբուլի օդանավակայանից:
«Ռազմական տարհանումն ավարտված է, սակայն դիվանագիտական առաքելությունը ՝ օգնելու ԱՄՆ քաղաքացիներին և աֆղաններին, ովքեր իրավունք ունեն մեկնել ԱՄՆ և ցանկանում են հեռանալ, դեռևս չի ավարտվել»,-ավելացրել է նա: