Թալիբներն առգրավել են 85 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ռազմական տեխնիկա
Թալիբները առգրավել են 85 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ռազմական տեխնիկա և հասանելի են դարձրել աֆղանցիների անձնական տվյալները, ովքեր օգնել են ամերիկյան բանակի զինվորներին վերջին 20 տարիների ընթացքում:
Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը՝ հղում անելով ամերիկացի կոնգրեսականին: ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին պահեստազոր Ջիմ Բենքսը հայտարարել է, որ Աֆղանստանում մնացած հսկայական սարքավորումների և զենքերի թվում կա 75,000 մեքենա, 200 ինքնաթիռ և ուղղաթիռ և 600,000 թեթև զենք։
Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Բենքսն ասել է. «Այսօր թալիբներն ավելի շատ Black Hawk ուղղաթիռներ ունեն, քան աշխարհի երկրների 85%-ը»: Նա ասել է, որ թալիբները նաև առգրավել են գիշերային տեսողության ակնոցներ, զրահաբաճկոն և բժշկական պարագաներ: