Մոսկվա-Երևան ավիատոմսերն ավելի էժան են, քան՝ հակառակը
Վրաստանից դեպի Երևան ճանապարհին յուրաքանչյուր տոննա ավիավառելիքի գինը թանկանում է 120-ից 140 և ավելի դոլարով. ըստ այդմ, Վրաստանի ցանկացած օդանավակայանի տոմսի ինքնարժեքը շատ ավելի ցածր կլինի, քան Հայաստանում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը՝ զուգահեռելով Հայաստանից և Վրաստանից ավիատոմսերի գները:
«Հայաստանում ավիատոմսերի սակագները բարձր չեն, դա սուբյեկտիվ գնահատական է», – ասաց նա:
Իսկ թե ինչո՞ւ են Վրաստանից ավիատոմսերն ավելի էժան և, արդյոք դա կապված չէ օդանավակայանների ծառայությունների գների հետ, Ա. Մովսիսյանը պատասխանեց, որ Վրաստանից թռնելու էժան լինելը պետք չէ կապել օդանավակայանի ծառայությունների հետ, այլ վառելիքի:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է Մոսկվա-Երևան ավիատոմսը ավելի էժան, քան Երևան- Մոսկվան, չէ որ Սև ծովից դեպի Մոսկվա վառելիքը ևս ցամաքային ճանապարհ է անցնում, Արտյոմ Մովսիսյանը պատասխանեց. «Մոսկվան կարող է իր արտադրությունը ունենալ, եկեք դրա մասին չխոսենք»: