Հասկանում եմ գեներալի պոռթկումը, զինվորականի, ով իր կյանքն է դրել հայրենիքի պաշտպանությանը․ Արթուր Ղազինյան
«Ասվեց հետևյալը՝ «բոլոր նախարարների օրոք, երբ մարդիկ փողով բանակից ազատվել են, դավաճան են»: Հիշեցնելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի խոսքերը՝ այդ մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը:
«Դավաճան կարելի է որակել այդ փողով ազատվողին, զինկոմիսարիատին, ով այդ գործարքն իրականացրել է: Բոլոր նախարարներին որակել դավաճան միայն նրա համար, որ իրենց ենթակայության ներքո մի ամբողջ մեծ համակարգում եղել են դատապարտելի, արատավոր երևույթներ։ Այդ վիրավորանքն ուղղված էր պաշտպանության բոլոր նախարարներին, միգուցե նաև ներկայիս, քանի որ ոչ մեկդ այս դահլիճում չեք կարող երաշխավորել, որ հիմա նման բան չկա»,-ասաց Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ դա ուղղված էր նախկին ու ներկա պաշտպանության բոլոր նախարարների արժանապատվության պաշտպանությանը:
Նա նկատեց, որ հասկանում է գեներալի պոռթկումը, զինվորականի, ով իր կյանքն է դրել հայրենիքի պաշտպանությանը. «Նման ձև պիտակավորել և վերջում էլ արա-ով դիմել՝ այդ պարագայում էմոցիոնալ պոռթկում տեղի ունեցավ, ինչը տեսանք, թե ինչի վերածվեց՝ օդում շշեր էին պտտվում, մեկը մեկին հարվածում և այլն»,-ասաց Ղազինյանը:
Նա անընդունելի է համարում գործը բռունցքներին հասցնելու և բռնություն գործադրելու քաղաքականությունը։