ՀԱԿ-ը սահուն քայլերով կամաց գնում է դեպի «օֆսայդ»
«ՀԱԿ-ը սահուն քայլերով կամաց գնում է դեպի «օֆսայդ» », – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ի հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու նպատակով ստորագրահավաքին, իր դիրքորոշումն արտահայտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Պատասխանելով հարցին, թե միանալու է արդյոք ԱԺ փոխխոսնակը ստորագրահավաքին, նա ասաց. «Ես սովոր եմ, որ ինձ են միանում, և ոչ թե ես եմ ուրիշներին միանում»:
Շարմազանովը չի բացառում, որ ընտրակեղծիքներ եղել են, բայց դրանց քանակը, ըստ նրա, չի հասել 824 հազարի:
«ՀԱԿ-ն արհամարում է 824 հազար «այո»-ները, իսկ դա ժողովրդի կամքն է և պետք է հաշվի նստել ժողովրդի կամքի հետ»,- նկատեց իշխանական կուսակցության ներկայացուցիչը:
Նա նկատեց, որ դեռ միայն 17 պատգամավոր է ստորագել, սակայն եթե նույնիսկ քսանյոթ ստորագրություն էլ հավաքվի` չի նշանակում, որ կա անվստահություն և յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով:
«Արդյունքների վերաբերյալ վստահության դեֆիցիտ չկա»,-ասաց Շարմազանովը: