Բայդենը և Մերկելը ստորագրեցին Վաշինգտոնի հռչակագիրը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստորագրեցին Վաշինգտոնի հռչակագիրը: Ամերիկայի նախագահը բացատրել է, որ փաստաթուղթն ընդունվել է ի պաշտպանություն ժողովրդավարության: Հռչակագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:
Ըստ Բայդենի` Վաշինգտոնի հռչակագիրը փաստաթուղթ է, որը վերահաստատում է ԱՄՆ-ի և Գերմանիայի «ժողովրդավարական հաստատուն սկզբունքներին հավատարմությունը»:
Հռչակագրում ասվում է, որ երկրները կխորացնեն տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցությունը: Հռչակագրում նշվում է, որ երկրները դեմ կլինեն տեխնոլոգիաների օգտագործմանը և տարածմանը, որոնք կսահմանափակեն մարդու իրավունքները։
ԱՄՆ-ը և Գերմանիան մտադիր են ստեղծել ամերիկա-գերմանական ֆորում, որը առաջարկություններ կներկայացնի «ընդհանուր ապագա կառուցելու վերաբերյալ»:
«Հիմնական տնտեսական հարցերի շուրջ համագործակցությունը հեշտացնելու համար մենք նաև տնտեսական երկխոսություն կսկսենք», - ասվում է հռչակագրում: