Երբ օկուպացված է Արցախի մի մասն ու թշնամին խոսում է նաև Հայաստանի մասին՝ պողպատե մանդատը աշխատում է բացառապես Սյունիքի համայնքապետերի նկատմամբ
Երբ ԱԱԾ և Ոստիկանության աշխատակիցները զինված, դիմակներով ներխուժեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ինձ մոտ տպավորություն էր, որ նրանք ճանապարհը խառնել էին՝ ի սկզբանե պետք է գնային Սև լիճ, որովհետեւ այնտեղ են մեր թշնամիները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ, պետության կողմից նման քայլը կարելի է որակել որպես հակապետական, քանի որ նման քայլից հետո ոչ մի ներդրող չի ցանկանա ներդրում անել Հայաստանում։
«Մարդիկ ահ ու սարսափով են այնտեղ գտնվում»,- նկատեց Աննա Գրիգորյանը:
Բացի այդ, ըստ պատգամավորի, և՛ պողպատե մանդատը, և՛ մուրճի կոնցեպտը մի քիչ տարակուսելի են։
«Այսօր տեսանք, որ պողպատե մանդատը նրանց անհրաժեշտ էր, որ իրենց սեփական աշխատավարձը բարձրացեն, ուրիշ ոչինչ։ Ինձ համար անհասկանալի է՝ այդ պողպատե մանդատը ինչո՞ւ չի կիրառվում, երբ Ալիևը հոխորտում է, թե Զանգեզուրը ադրբեջանական է»,-նկատեց Աննա Գրիգորյանը։
Նա անընդունելի է համարում այն, որ այս պահին, երբ օկուպացված է Արցախի մի մասը ու թշնամին խոսում է նաև Հայաստանի օպուկացիայի մասին, սրան ի պատասխան՝ պողպատե մանդատը աշխատում է բացառապես Հայաստանի և Սյունիքի համայնքապետերի նկատմամբ։