Արտակարգ դեպք Երևանում․ Արաբկիրում հսկայական թթենին կոտրվել և ընկել է շինության վրա (լուսանկար, տեսանյութ)
Երեւանում, հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 5 տան բակում տնկված հսկայական թթենի ծառը, փթած լինելու պատճառով, քոքից կոտրվել և ընկել է տան խորդանոցի նմանվող շինության վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կարգադրությամբ՝ օպերատիվորեն ժամանել են նաև Արաբկիրի թաղապետարանի կանաչապատման պատասխանատուները, ովքեր տեղում ծանոթանալով իրավիճակին, խոստացան, որ այսօր նշված ծառը կհեռացնեն, թեպետ այն բնակչի սեփականությունն է, բնակիչն ինքն իր ուժերով պետք է այն հեռացնի։ Իսկ բնակիչն էլ եթե փորձեր ինքնուրույն հեռացներ իրենից վտանգ ներկայացնող ծառը, ապա չէր բացառվում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնից ու Արաբկիրի թաղապետարանից ու Երևանի քաղաքապետարանից կայցելեին ու նրան կմեղադրեին ծառահատման մեջ։