Թուրքիայի Մարդինի շրջանում վնասվել է հայկական եկեղեցին
Վերջին օրերին Թուրքիայի հարավ-արևելյան մասում տեղի ունեցող ռազմական բախումների հետևանքով Մարդինի շրջանի Դերիք բնակավայրում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին (Կարմիր եկեղեցի) վնասներ է կրել: Այս մասին տղեկացնում է demokrathaber.net կայքը: Բախումների հետևանքով բավականին վնասվել է եկեղեցու գույքը, կոտրվել է դուռը:
Վերջին 20 տարում եկեղեցում աշխատող 75 ամյա Հաթուն Ջաջուրը պատմել է հետևյալը. «Արտակարգ դրության ժամանակ, երբ արգելված էր փողոց դուրս գալը, ես հիվանդ թոռանս տարա հիվանդանոց և միայն արտակարգ դրությունից հետո վերադարձա ու տեսա եկեղեցու դուռը կոտրված, իսկ գույքն ամբողջությամբ ցիրուցան էր արված»:
5-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին ընդգրկված է Եվրոպայի առավել ռիսկայնության տակ գտնվող 7 պատմամշակութային հուշարձանների շարքում: «Եվրոպական մշակութային ժառանգության պահպանման կոմիտեն» վերջերս դիմել էր Թուրքիային եկեղեցու վերանորոգման համար: