Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական ուժի դիմումների դատաքննությանը կմասնակցի նաև ՔՊ-ն. Բադասյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։
Այս մասին հայտնում է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
«Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ»,- նշված է Բադասյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Միավորված գործի դատաքննությունը կսկսի հուլիսի 9-ին՝ ժամը 11.00-ին: