Կոնյակի և գինու արտահանման ծավալները նվազել են. գինեգործ
2015թ-ին առնվազն 15-20% կոնյակի արտահանման ծավալը պակասել է, տարին բարենպաստ չէր Հայաստանում թե՛ կոնյակի, թե՛ գինու բիզնեսի համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ, գինեգործ Ավագ Հարությունյանը, հիշեցնելով, նման իրավիճակի պատճառը նախորդ տարվա հոկտեմբերից սկսած ռուսական ռուբլու անկումն է։
«Գների անկումը պայմանավորված է նրանով, որ ռուսական շուկայում կոնյակի գները չբարձրացան, ռուբլին կրկնակի ընկավ, իսկ ռուսական կառավարությունն արգելեց, որպեսզի համաչափորեն բարձրացվեն ապրանքների գները»,-ասաց նա և ընդգծեց, որ գրեթե ողջ տարի կոնյակ արտադրողները աշխատել են վնասով։
Իսկ թե ի՞նչ կկատարվեր, որ Հայաստանը դադարեր կոնյակ մատակարարել ռուսական շուկային, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ կոնյակագործները կկորցնեին այն տեղը, որը գրավել էին վերջին 5-7 տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։
«Գինու արտահանման ծավալները ևս պակասել են 10-15%-ով»,-ասաց նա, հավելելով, որ այս տարվա անհաջող մթերումների ֆոնին գյուղացին անգամ խաղողը չի թաղել, քանի որ չի հավատում, թե խաղողից եկամուտ կստանա:
«Ընդհանուր առմամբ, խաղողագործությունը կրճատվել է 20 տոկոսով»,- ամփոփեց Ավագ Հարությունյանը: