ՀՅԴ-ն չի միանա ՀԱԿ-ի ստորագրահավաքին
ՀՅԴ-ն չի միանալու ՀԱԿ նախաձեռնած ստորագրահավաքին: Այս մասին ԱԺ ամբիոնից ակնարկեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա զրոյական է համարում ընդդիմության ստորագրահավաքը՝ հանրաքվեի արդյունքների վիճարկման համար դիմել Սահմանադրական դատարան:
Էդուրադ Շարմազանովը փորձեց պարզեցնել ՀՅԴ-ի «հաղորդագրությունը» և հարց -ռեպլիկ ուղղեց. «Դրանից կարելի՞ է հետեւություն անել, որ ՀՅԴ-ն չի միանում ստորագրահավաքին»,-ասաց նա:
Մինասյանը պատասխանեց, թե հիմա ձևաթուղթը չեն տեսել: Շարմազանովը արձագանքեց.«Այսինքն եթե ունենայիք, ուրեմն կստորագրեի՞ք, հա՞»:
Այդ պահին ամբիոնին մոտեցած ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ու իր կողմից ավելացրեց. «Ինչի՞, թղթո՞վ է որոշվում ամեն ինչ»:
Հիշեցնենք, ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսել Սահմանադրական դատարան դիմելու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Ստորագրահավաքին միացել են ՀԱԿ պատգամավորները, բացի Հրանտ Բագրատյանից ու Լյուդմիլա Սարգսյանից, «Ժառանգություն»-ը՝ բացի Ռուբեն Հակոբյանից, ՕԵԿ երկու պատգամավոր, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսօր միացել են նաեւ ՕԵԿ մյուս երեք պատգամավորը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը եւս հայտարարել է, որ միանալու է: