Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողներից ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Ալեքսանյանը նշեց, որ պաշտպանության կողմը դատական նիստի ընթացքում ներկայացրեց վերաքննիչ բողոքը:
«Կարելի է ասել, որ շատ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ մեր առաջարկած ձևաչափով, ինչու չէ նաև դատարանի կողմից: Հարցուպատասխանի ձեւով անցավ մեր վերաքննիչ բողոքի ներկայացումը, ինչը մատչելի էր ու նախընտրելի բոլորի համար:
Ներկայացրեցինք բողոքը ամբողջ ծավալով` կալանավորման պայման հանդիսացող հիմնավոր կասկածի տեսանկյունից, հիմքերի համատեքստում նույնպես շատ ծավալուն քննարկում տեղի ունեցավ: Փաստացի վերահաստատեցինք մեր դիրքորոշումը առ այն, որ առկա չէ հիմնավոր կասկած, որ Արմեն Չարչյանը առնչություն ունի իրեն վերագրվող հանցանքի կատարման հետ»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը:
Նա հայտնեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին ժամը 14:00-ին: