Կամաց-կամաց Ամանորի սեղանին խոզի բդի տեղը զբաղեցնում է հնդկահավը
Վերջին 5 տարիներին ավելացել է հնդկահավի և արտադրության, և իրացման ծավալները: Newspress.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Ըստ նրա, հնդկահավի հիմնական մասն իրացվում է Ամանորի նախաշեմին, այս տարի կանխատեսվում է մոտավորապես 10-15 հազար գլուխ հնդկահավ. հիմնականում նախընտրում են 5-6 կգ-անոց հնդկահավերը, իսկ կիսաֆաբրիկատների համար՝ մինչև 12 կգ:
«Ոլորտում, վերջին 5 տարում դինամիկ աճ է արձանագրվում, հատկապես մանր ֆերմերների մոտ»,- ասաց նա:
Ս. Ստեփանյանը նաև հաղորդեց, որ հնդկահավի միսը հարուստ է սպիտակուցներով և համարվում է դիետիկ:
Նա նաև նշեց, որ Ամանորի նախաշեմին նաև ներկրումներ են լինում, հիմնականում Թուրքիայից, Կանադայից և Ֆրանսիայից, տեղական հնդկահավերի միջին գինը 3000 դրամի շրջանակներում է, իսկ ներկրվածներինը՝ 2000-2200 դրամի:
«Կամաց-կամաց Ամանորի սեղանին խոզի բդի տեղը զբաղեցնում է հնդկահավը»,- շեշտեց թռչնաբույծների միության նախագահը: