Նիստն սկսելուց առաջ ուզում եմ կարևոր լուր հայտնել․ Փաշինյան
Կառավարության այսօրվա՝ հունիսի 24-ի նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ըստ իրեն, կարևոր լուր հայտնեց:
«Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել», - ասաց նա:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի թիվը կազմել է 635 հազար:
«Այս ցուցանիշն աննախադեպ է։ Այն ավելի է 2020, 2019 և 2018 թվականների համադրելի տվյալներից: Մասնավորապես, 2020 թվականի մայիս ամսվա տվյալներից ավելի է 34 հազարով, 2019-ի համեմատ՝ 37 հազարով, և 2018 թվականի համեմատ՝ 87 հազարով: Աճել է նաև հայտարարագրված աշխատատեղերի ամսով եկամտի չափը՝ կազմելով 134.7 միլիարդ դրամ»,- ասաց ՊԵԿ նախագահը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ աշխատավարձերի ֆոնդը 2021 թվականին 2018-ի մայիսի համեմատ աճել է 38 միլիարդ դրամով կամ 39 տոկոսով: «Մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35.714 դրամով»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե մասնագետներն ասում են, որ սեպտեմբերը, սովորաբար, ամենաբարձր ամիսն է աշխատատեղերի:
«Ենթադրում եմ, որ մենք այս ցուցանիշը կգերազանցենք նաև սեպտեմբերին», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա ու աշխատատեղերի աճը զգացվում է: