Ինձ առաջադրված մեղադրանքն ինձ համար բացարձակ անհասկանալի է․ Արմեն Չարչյան
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի համար անհասկանալի է իրեն առաջադրված մեղադրանքը։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ դա կրում է խիստ քաղաքական բնույթ՝ որպես քաղաքական տեռոր։
Այնուամենայնիվ Արմեն Չարչյանը նկատեց, որ հավատում է արդարադատությանն ու համոզված է, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի։
«Ինձ բոլոր ճանաչողները գիտեն, որ ես երբեք չեմ խուսափել բարդությունից, որևէ դժվարության առաջ չեմ ընկրկել, միշտ եղել եմ առաջամարտիկ տարբեր հարցերում»,- ասաց նա։
Չարչյանն ընդգծեց, գործընկերների նկատմամբ որևէ հարկադրանք, պարտադրանք իր գործողություններում չկա։
Նա նաև մանրամասնեց, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է, չքվեարկողները կհանդիպեն կոշտ պատասխանի. ԲԿ շատ աշխատակիցներ դիմել են բարեկամին, հարազատին, ընտանիքի անդամին անվճար վիրահատության համար, ինքն էլ ընդառաջել է, հիվանդանոցի հաշվին իրականացրել են։
«Ես արել եմ իրենց խնդրանքը, բայց եթե իրենք չեն կատարում իմ խնդրանքը, ես էլ նույն ձևով չեմ հարգի իրենց, իրենց խնդրանքը չեմ կատարի օրենքի սահմաններում»,- մանրամասնեց նա։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում«Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ նկատեց, որ իշխանությունը կեղծ մեղադրանքով փորձում է գնալ ճնշումների։
«Սա այս իշխանությունների ձեռագիրն է: Արմեն Չարչյանի պես մարդուն, ով իր ողջ կյանքում կյանքեր է փրկել, հասարակության մեջ հարգված մարդ, կեղծ մեղադրանքով փորձում են գնալ ճնշումնրի»,-ասաց Իշխան Սաղափելյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 21-ին, Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։