Վերջին 30 տարում PKK-ի դեմ ամենախոշոր գործողություններն են իրականացվում
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մինչև վերջին թաղամասը, փողոցը և տունը պետք է մաքրվի Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինված անդամներից: Այս մասին գրում է demokrathaber.net կայքը: Խոսելով վերջին շրջանում Դիարբեքիրի Սուր թաղամասում, Սիլոփիի և Ջիզրեյի շրջաններում հայտարարված արտակարգ դրության մասին` Դավութօղլուն հայտարարել է. «Մի թաղամաս անգամ բաց չենք թողնի, դրանք ամբողջությամբ պետք է մաքրվեն զինված խմբերից: Քրդական զինված խմբերը լեռներից իջել են այդ շրջաններ, և մենք պետք է այդ շրջանի բնակիչների միջից մաքրենք զինված անդամներին»:
Նա նշել է նաև, որ վերջին 30 տարում ամենալայնամասշտաբ գործողություններ են կատարվում PKK անդամների դեմ և ամեն ինչ արվում է այդ խնդրի մեկընդմիշտ փակման համար:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացնում այս շրջաններում, ինչի հետևանքով բազմաթիվ քրդեր զոհվում կամ ստիպված են լինում լքել իրենց բնակավայրերը: