ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը Հռոմի Պապինը չէ. կարելի է հակադարձել
«Դեսպանությունների հայտարարությունները Հռոմի Պապի հայտարարությունները չեն, որպեսզի սրբությամբ ընդունենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը կարելի է նաև հակադարձել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, թե շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին` նշելով, որ տեղյակ են խախտումների մասին:
Հարցին, թե ՀՀ իշխանությունները մտավախություն չունե՞ն, որ ԱՄՆ դեսպանատունը կարող է ընտրախախտների «սև ցուցակ» կազմել, վիզաների, գրանտների հատկացումը մերժել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանին որևէ մեկն այնքան գրանտներ է տալիս, որ եթե չտան, շատ մեծ վնասներ կլինեն: Այդ գրանտները տրվելու են, դրանք ոչ թե տալիս են մեկ ուղղվածության օգնության, դրանց մեջ նաև քաղաքական ընդերք կա, իսկ քաղաքական ընդերքը երբեք չի պակասում»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը: