Գետի ջուրը դուրս է գալիս մեկ ՀԷԿ-ից, մտնում է մյուս ՀԷԿ-ի մեջ. էկոլոգիական մոնիտորինգ
«Չի պահպանվում էկոլոգիական թողքը, ոռոգման խնդիրներ են առաջանում, ոչնչանում է ձկնապաշարը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փոքր ՀԷԿ-երի՝ բնությանը հասցվող վնասները թվարկեց Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը:
Նա նաև նշեց, որ 8 մարզերում Էկոլուրի մասնագետները ուսումնասիրել են 87 ՀԷԿ-երի աշխատանքը, փորձել են համակարգել թե խնդիրները, թե կառուցման առանձնահատկությունները:
«Փոքր ՀԷԿ-երի առումով ամենախտացվածը Սյունիքի մարզն է, կառուցված է 32 ՓՀԷԿ և շուտով կշահագործեն ևս 11-ը. ՀԷԿ-երը հիմնականում կուտակված են Սիսիանի շրջանում, Որոտան, Ողջի, Մեղրի գետերի վրա»,- ասաց Ի. Զառաֆյանը:
Բանախոսը շեշտեց, որ գետեր կան, որոնց գրեթե կեսը վերցված է ՀԷԿ-երի խողովակների մեջ, նա մեծաքանակ կառուցված ՀԷԿ-երի օրինակ բերեց Վայոց ձորի մարզի Եղեգիս գետը իր վտակներով, Տանձուտ գետը:
«Ջուրը դուրս է գալիս մեկ ՀԷԿ-ից, մտնում է մեկ ուրիշ ՀԷԿ-ի մեջ. գետում արդեն ջուր չկա: Նման վիճակն անընդունելի է էկոլոգիական տեսանկյունից»,- ընդգծեց էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի նախագահը: