Կանադայում հայտնաբերվել է նյարդաբանական անհայտ հիվանդություն
Կանադական Նյու Բրունսվիկ նահանգում հայտնաբերվել է անհայտ հիվանդության բռնկում նյարդաբանական ախտանիշներով: Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 2015-ին, այդ ժամանակից ի վեր մարզի 48 բնակչի մոտ ախտորոշվել են ախտանիշներ, իսկ վեցը մահացել են:
Միևնույն ժամանակ, բժիշկները չեն կարող ախտորոշել, քանի որ հիվանդության դրսևորումները միմյանց հետ հստակ կապ չունեն: Մասնավորապես, հիվանդների մոտ նկատվում է անքնություն, շարժողական ֆունկցիայի խանգարում, հալյուցինացիաներ, մկանային ցավ, արագ առաջադեմ տկարամտություն, ընկճվածություն, անհանգստություն և տեսողության խանգարում:
Իրականացված թեստերը հայտնաբերել են հիվանդների գլխուղեղի ատրոֆիա և նյարդաբանական դիսֆունկցիա: Հիվանդների տարիքը 18-ից 84 տարեկան է: