Ադրբեջանցիները ավտոմատով սպառնացել են Խնածախի հովվին՝ պահանջելով կենդանիներին արոտի չտանել
Նախօրեին առավոտյան, ադրբեջանցի դիրքապահները ավտոմատներով սպառնացել են հայ հովիվներին, ովքեր կենդանիներին արածացնելու էին տարել հայկական տարածքում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի բնակիչ Նվեր Հակոբջանյանը: Հայ հովիվները ևս սպառնացել են ադրբեջանցիներին, երբ վերջիններս պահանջել են լքել հայկական տարածքը։
«Ադրբեջանցիներն իրենց դիրքերում են եղել, ավտոմատը պահել են մեր հովիվների վրա, ովքեր հայկական տարածքում էին։ Ասել են՝ հանեք անասուններին այդտեղից։ Հովիվը կովերին էր տարել արածացնելու, ինքը մեր տարածքում, մեր արոտներում է եղել՝ սահմանը չեն խախտել»,- ասաց Հակոբջանյանը։
Նկատենք, որ մեր հովիվները ոչ միայն չեն նահանջել, այլեւ հասկացրել են, որ իրենք եւս զինված են, ինչից հետո իրավիճակը հարթվել է։ Նոր սադրանքների ադրբեջանցիները չեն դիմել, իրավիճակը այս պահին հանգիստ է։
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն էլ «Փաստինֆո»-ին հայտնեց, որ անասունները ամեն պահի էլ կարող են անցնել ադրբեջանական տարածք, դա տեղի է ունենում բնազդաբար։ Յուրաքանչյուր նման դեպքից հետո հայկական կողմը դիմում է ռուսական կողմին, հետո սկսվում են բանակցությունները, և քանի որ ադրբեջանական կողմի համար էլ է խնդիր անասունների՝ իրենց տարածք անցնելը, զգուշացնում են հայկական կողմին։
«Իրենց մոտ կամերաներ կան տեղադրած, վերևներում տեսնում են, որ անասունները անցել են, իրենց վրա էլ են խոսում, խնդիրներ են ունենում, դրա համար հետ են ուղարկում»։