«Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է ԳՇ պետին՝ սահման մեկնելու խնդրանքով, բայց մերժվել է. Վանեցյան
«Մոտ 10-15 օր առաջ ես գրություն եմ ուղարկել ԶՈՒ ԳՇ պետին՝ խնդրելով, որպեսզի «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերի ներկայաուցիչներից ձևավորվի ջոկատ, և մենք մեկնենք Հայաստանի կամ Արցախի ցանկացած հատված մեր սահմանները պաշտպանելու»: Այս մասին լրագորղների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զորախմբի ղեկավար, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, ԳՇ-ից պատասխանել են, այս փուլում իրենց սահման մեկնելը նպատակահարմար չէ, բայց խոստացել են անհրաժեշտության դեպքում դիմել։
Անդրադառնալով սահմանի երկայնքով հայ և ադրբեջանցի զինվորների միջև ծեծկռտուքներին, Վանեցյանը նշեց, ասում են՝ կրակ չբացելու պայմանավորվածություն կա։
«Երեկ ունեցանք զոհ, վիրավոր, այսօր արդեն գերեվարվածներ։ Այսինքն, ադրբեջանական կողմն այդ պայմանավորվածությունը չի պահում։ Մենք ունենք պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյան, որը չի կարողանում պաշտպանել ու առաջ մղել Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահը»,-ընդգծեց Վանեցյանը։