ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, հնարավոր է դիմենք ՄԱԿ-ին. Փաշինյան
Սյունիքի և Գեղարքունիքի իրավիճակի պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի դիմելու հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարանում։
Փաշինյանն ասաց` որ դեպքում կարող է ռազմական դրություն հայտարարվել
«Հայաստանը չի բացառել և չի բացառում, որ կգնա այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի կամ Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման գործիքները բավարար չեն իրավիճակի լուծման համար», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։
«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման աշխատանքներ իրականացնել»,– ասաց Փաշինյանը։ Ըստ նրա` ՀԱՊԿ գործընկերները պետք է տեղեկացված լինեն Ադրբեջանի իրական նպատակների մասին և այդ հարցի վերաբերյալ իրենց հստակ դիրքորոշումն արտահայտեն։