ՀՀ իշխանությունները խնդրել են այդ մասին. Սամվել Կարապետյանն անդրադարձել է ՀԷՑ-ի գնմանը
«Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը РБК–ին տված հարցազրույցում անդարդարձել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք բերելուն:
Գործարարը խոսելով այն մասին, թե ինչու է ձեռք բերել մի ընկերություն, որը հսկայական պարտքեր ունի, արդյո՞ք կարելի է դա բարեգործություն համարել, Կարապետյանն ասել է` «Իհարկե, ոչ: Հասկանալի է, որ դա բարեգործություն չէ։ ՀԷՑ-ը լավ ընկերություն է` երկարաժամկետ ակտիվ, և մեր ղեկավարման ներքո ավելի լավը կդառնա»։
Կարապետյանը նաև հաստատել է, որ ՀՀ իշխանությունները իրեն խնդրել են գնել ՀԷՑ-ը, երբ Երևանում էլեկլտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ցույցեր էին սկսվել: Նա նաև հավելել է, որ ընկերությանը հաջողվել է փակել ընկերության 20%-ը, սակայն հրաժարվել է ասել՝ որքանով է ձեռք բերել ընկերությունը։
Լրագրողը նաև հետաքրքրվել է, թե արդյոք ճի՞շտ է, որ Կարապետյանը ՀԷՑ-ը գնել է քաղաքական նպատակով, որպեսզի իր եղբայրը` Կարեն Կարապետյանը, դառնա երկրի վարչապետ: Գործարարը պատասխանել է․ «10 տարի է` այդ մասին գրում են, սակայն այդ տարիների ընթացքում ՀՀ վարչապետ նա չդարձավ։ ՀԷՑ-ի գնումը մեզ համար բիզնես է և հայրենիքին ցուցաբերած օգնություն»: