«Չհամարձակվե՛ք». նախկին իմքայլականը՝ «Իմ քայլի» պատգամավորին
Պարո՛ն Պապոյան, երբ որ ասում եք՝ օրենքը բերում են, որ հետո գնան օլիգարխիկ տնտեսությամբ զբաղվեն, մի հատ հլը լավ մտածեք՝ ում մասին եք խոսում: Օրենք բերողների: Եթե երբևէ ես ինձ թույլ եմ տվել որևէ նման գործընթացի մեջ լինել, ի տարբերություն ձեզ և շատերի, ապա այս խոսքը դուք կարող էիք ասել, իսկ եթե ոչ, ապա չհամարձակվե՛ք հաջորդ անգամ Ձեզ թույլ տալ ինձ նմանատիպ գործընթացների մեջ ներառելու: Այդ մասին այսօր Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանին:
Նա դիմեց նաև իր նախկին գործընկերներին. «Երբ որ պատերազմի օրերին հայտնվում էիք սահմանամերձ գյուղերում ու սելֆիներ էիք անում, դա դեռ չի նշանակում՝ դուք սահմանամերձ գյուղերի տեղը գիտեք, իսկ ես իմ կյանքից նվազագույնը 7 տարի ամեն ամիս մի քանի անգամ լինում եմ սահմանամերձն գյուղերում և աջակցման ծրագրում: Եվ եթե դուք տեսնում եք խնդիր, ապա միգուցե հոգատար վերաբերմունք ցուցաբերեք ու ասեք՝ գիտե՞ք կարող են լինել այսպիսի խնդիրներ, ոչ թե գաք, ինձ մեղադրեք այստեղ, որ կարող է օրենքը բերել եմ, որ գնամ օլիգարխիկ տնտեսություններ ներդնեմ այնտեղ: Եվ երբ որ դուք նման մեղադրանքներ եք հնչեցնում, շատ լուրջ մտածեք այդ ամեն ինչի մասին»,- ասաց Հովսեփյանը:
Անդրադառնալով նախագծին՝ նա նշեց, որ այն չի ենթադրում, որ այն պետք է օլիգարխիա զարգացնի կամ Երևան քաղաքից ինչ-որ մեկը գնա այնտեղ և հարստանա:
«Վերահսկողությունը ձեր ձեռքում է: 2019 թվականից բարձրաձայնում եմ գյուղմթերքի իրացման խնդիրը: Առաջարկներ եմ ներկայացնում տարբեր կառույցներ, ովքեր պարտավոր են այս ամեն ինչը շուկայում վերահսկեն, բայց որևէ քայլ 2019 թվականից մինչև այսօր չի եղել և ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլ նաև Շիրակում և մնացած տեղերում: Այսօր գյուղացին իր մթերքն իրացնելու լուրջ խնդիր ունի: Իսկ եթե սահմանամերձ համայնքներինը գոնե լիներ, գոնե այսքանով կվերահսկեիք, այս մարդիկ չէին լքի իրենց գյուղերը»,- ասաց Հովսեփյանը:
Հիշեցնենք՝ Գևորգ Պապոյանը հայտարարել էր. «Հայաստանում կան օլիգարխ հողատերեր, որոնք ՀՀ տարբեր տարածքներում հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն, և այս օրենքը չի վերաբերում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այլ վերաբերում է նրանց թալանելուն»։