Դա նման է նրան, որ փողոցում մեծ տղան փոքր երեխային ապտակում է, նա էլ վազելով գնում է պապայի մոտ, ասում է՝ պապա, մի բան արա, ինձ նեղում են. Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
Եթե դու ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում: Դա մի քիչ նման է նրան, որ փողոցում մեծ տղան փոքր երեխային ապտակում է, նա էլ վազելով գնում է պապայի մոտ, ասում է՝ պապա, մի բան արա, ինձ նեղում են: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելուն:
«Վերջը, մենք պետությու՞ն ենք, թե՞ ոչ: Արժանապատվություն ունե՞նք, թե՞ ոչ: Եթե դու ինքդ ոչինչ չես ձեռնարկում, դու մտածում ես՝ քո տեղը մեկ ուրիշը գալու է այս հարցը լուծի՞: Ուղղակի մենք աբսուրդի ժանրից ենք խոսում: Ես կարծում եմ և համոզված եմ, որ ՀԱՊԿ-ի պատմության մեջ նման դրսևորումներ չեն եղել: Եթե դու ոչ մի բան չես անում քո հարցերը լուծելու համար, քեզ ոչ մեկ չի օգնելու այդ հարցերի լուծմանը: Սա ակնհայտ բանաձև է»,- ասաց Քոչարյանը: