«Ռուսական շուկան մեզ համար ավանդական շուկա պետք է դարձնենք». Վ. Սաֆարյան
Գյուղատնտեսական տարին աննախադեպ բարեհաջող էր, բայց ցավոք սրտի գյուղացու բերքը չստացվեց ամբողջությամբ իրացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Բանախոսը, մասնավորապես, անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված խնդիրներին, նշեց, որ ռուբլին ՌԴ-ում արժեզրկվել էր, իսկ ՌԴ-ում դեռևս ամբողջական իրացված չէր նախորդ տարիների կոնյակն ու գինին. այդ էր պատճառը, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրներ կային:
«68-70 հազար տոննա բանջարեղեն և միրգ է արտահանվել ՌԴ, որից 10 հազարը միայն խաղող է եղել»,- ասաց Վ. Սաֆարյանը, հավելելով, որ այս պահին կառավարությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի գյուղատնտեսությանը՝ Թուրքիայից գյուղմթերքի ներմուծման արգելքի ֆոնին կարողանա Ռուսաստան հասցնել հայրենի արտադրանքը:
Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին, ապա Վազգեն Սաֆարյանը նշեց, որ պետք է ավելացվի ջերմատների թիվը, որպեսզի Հայաստանը կարողանա ամբողջ տարին միրգ-բանջարեղեն արտահանի ռուսական շուկա. «Ռուսական շուկան մեզ համար ավանդական շուկա պետք է դարձնենք»: