Հ3 հեռուստաընկերության 50-հազարանոց բումը
Մոտ մեկ տարի առաջ մեծ հանդիսավորությամբ տրվեց ՕԵԿ-ի Հ3 հետուստաընկերության մեկնարկը, որը նախկինում «Երևան» անվանումով սպասարկում էր ապարանյան կլանի շահերը: Հ3-ի մեկնարկից առաջ հայտարարվեց, որ հեռուստաընկերությունը չի ծառայելու ՕԵԿ-ի քաղաքական կուրսին և իր եթերային մուտքով բում է անելու: Հեռարձակումից ամիսներ անց Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3-ը սկսեց ԱԺ նիստերի ուղիղ հեռարձակում, և ՕԵԿ պատգամավորները նախանձելի ակտիվությամբ լծվեցին իրենց գործին, ու ինչպես ասում են, պոպուլիզմն ու կրկեսը Հ3-ի շնորհիվ մտավ ամեն մեկիս բնակարան:
Նորաթուխից մինչև հնաբնակ ՕԵԿ-ական սեփական հեռուստաընկերության էկրանից անխնա քննադատում է երկրում տիրող բարքերը, սոցիալական անարդարությունը, չնչին աշխատավարձերը, աշխատավարձերի ուշացումները և այլն: Բայց նույն ՕԵԿ-ին պատկանող Հ3 հեռուստաընկերության աշխատողները պարբերաբար հայտնվում են ժամանակին իրենց չնչին աշխատավարձը ստանալու խնդրի առաջ:
Ըստ մեր տեղեկությունների` օրերս հեռուստաընկերության աշխատողներին 50000-ական դրամ է տրվել հոկտեմբեր ամսվա աշխատավարձից, իսկ թե երբ կվճարվի աշխատողների աշխատավարձի մյուս հատվածը, դեռ հայտնի չէ: Այլևս գաղտնիք չէ, որ Արթուր Բաղդասարյանի հեռուստաընկերությունում աշխատավարձերի խնդիր պաբերաբար է լինում, և աշխատողներն էլ պարբերաբար հայտնվում են տհաճ իրավիճակում` անգամ տրանսպորտին վճարելու հարցում: Սա թերևս հեռուստաընկերության առայժմ խոստացած ամենաակնառու բումն է`50.000 դրամ արժողությամբ: