Ռուսական ռազմանավը կրակ է բացել թուրքական նավի ուղղությամբ
Երեկ Էգեյան ծովում Հունաստանի ափերի մոտ գտնվող ռուսական ռազմանավից կրակ է բացվել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ: Ձկնորսական նավը ռազմանավից գտնվել է 600-1000 մետր հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է AA գործակալությունը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է հետևյալը. «Մենք լարվածությունից դուրս չենք, ամեն ինչ անում ենք այն հարթելու համար: Ռուսական կողմի բացատրությունը լսեցինք, այժմ կլսենք ձկնորսական նավի անձնակազմի ասածը և համարժեք հայտարարություն կանենք»:
Ռուսական կողմը ձկնորսական նավի ուղղությամբ կրակ բացելու մասին հայտարարել էր, որ իրենց ռազմանավից փորձել են ռադիոկապով զգուշացնել մոտեցող նավին, սակայն այն չի պատասխանել, որից հետո տեղի է ունեցել նախազգուշական կրակոց: